1. Հարց. Ի՞նչ է անշարժ գույքը:
1.Պատասխան. Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
2. Հարց. Որտե՞ղ են ներկայացվում անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումները:
2.Պատասխան. 2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառուցվածքում ստեղծված նոր ստորաբաժանումներ՝ սպասարկման գրասենյակներ, որոնց հիմնական գործառույթն է քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ) տրամադրումը, իսկ 2016 թվականի նոյեմբերի 10-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները կարող են ներկայացվել նաև ՀՀ կառավարության 27.11.2016թ. թիվ 1109-Ն որոշմամբ հաստատված օպերատորների մոտ (Հայփոստ, Արդշինբանկ, Կոնվերսբանկ և Ամերիաբանկ):
3. Հարց. Արդյո՞ք պետք է անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումները ներկայացվեն այն սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ (Հայփոստ, Արդշինբանկ, Կոնվերսբանկ և Ամերիաբանկ), որի սպասարկման տարածքում գտնվում է դիմումի առարկա անշարժ գույքը:
3. Պատասխան. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Նույնը վերաբերում է նաև ներկայացված դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերի ստացմանը, որոնք կրկին կարելի է ստանալ ինչպես դիմումը ընդունած, այնպես էլ ցանկացած այլ սպասարկման գրասենյակից կամ օպերատորի մասնաճյուղից:
4. Հարց. Դիմումի հիման վրա կազմված վկայականը կամ տեղեկանքը արդյո՞ք պետք է ստանալ այն սպասարկման գրասենյակից, որտեղ ներկայացվել է դիմումը:
4.Պատասխան. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաև ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետևել իր դիմումի քննարկման ընթացքին:
5. Հարց. Անշարժ գույքի վաճառքի դեպքում ո՞ր կողմը պետք է պայմանագիրը ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ պետական գրանցման համար:
5.Պատասխան. Գործարքներից, այդ թվում՝ առուվաճառքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը:
6. Հարց. Ճի՞շտ է արդյոք, որ 2012 թվականի հունվարի 1-ից վերացել է անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը:
6.Պատասխան. Այո, 2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի գործարքները հնարավոր է կնքել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում՝ առանց նոտարական գրասենյակ այցելելու: Այդ նպատակով անշարժ գույքի նկատմամբ որևէ գործարք կնքելու մտադրություն ունեցող անձինք պետք է նախ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերից ընտրեն իրենց գործարքին համապատասխանող պայմանագրի տեսակը, լրացնեն օրինակելի պայմանագրի մեջ լրացման ենթակա տվյալները և անձամբ ներկայանան կադաստրի պետական կոմիտեի որևէ սպասարկման գրասենյակ, որտեղ համապատասխան պաշտոնատար անձի ներկայությամբ պետք է ստորագրեն կազմված պայմանագիրը:
7. Հարց. Պայմանագիրը կնքելիս որո՞նք են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի պաշտոնյայի գործառույթները:
7. Պատասխան. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի պաշտոնատար անձն իրականացնում է ստորագրությունների իսկության ճանաչման գործառույթ: Դա իր մեջ ներառում է պայմանագիրը ստորագրող անձանց ինքնության ստուգումն անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա և պայմանագրում ու անձը հաստատող փաստաթղթերում այդ անձանց վերաբերյալ տվյալների համապատասխանության ստուգումը:
8. Հարց. Որքա՞ն գումար է գանձվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակում ստորագրությունների իսկության ճանաչման համար:
8. Պատասխան. Ստորագրությունների իսկության ճանաչումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի կողմից կատարվում է անվճար: Պայմանագրի փաստաթուղթը ստորագրելուց հետո կողմերը այն հանձնում են պետական գրանցման և վճարում են միայն պայմանագրի պետական գրանցման համար սահմանված պետական տուրքն ու գրանցման վճարը:
Հարց. Արդյո՞ք 2012 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի ցանկացած պայմանագիր կարող է կնքվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակում:
9. Պատասխան. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում անշարժ գույքի գործարքները կարող են կնքվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա: Եթե կողմերին անհրաժեշտ է ներառել լրացուցիչ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրերում, ապա նման դեպքում գործարքը կպահանջի նոտարական վավերացում:
10. Հարց. Քանի՞ օրինակից է կնքվում ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող պայմանագիրը:
10. Պատասխան. Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագիրը ստորագրվում և ընդունվում է պետական գրանցման մեկ օրինակից, որը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը և պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում: Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակի կնիքով: Նման կարգով տրամադրված պատճենը և անշարժ գույքի ռեգիստրում պահպանվող պայմանագրի բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:
Հարց. Հնարավո՞ր է արդյոք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումը ներկայացնել առցանց, թե դրա համար պարտադիր պետք է այցելել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ:
11. Պատասխան. Պետական գրանցման դիմումը և այդ դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, որի դեպքում դիմումը և ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Այսինքն` առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված՝ էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային ստորագրության հավաստագիր և գրանցվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում: