ԼՐԱՀՈՍ
լրահոս
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք
March 24, 2024, 6:38 pm
Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
March 2, 2024, 3:23 pm
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
February 29, 2024, 2:58 pm
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո
February 29, 2024, 2:34 pm
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
February 14, 2024, 11:44 pm
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
February 14, 2024, 11:36 pm
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
February 13, 2024, 9:48 pm
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
February 13, 2024, 8:59 pm
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
February 13, 2024, 12:45 pm
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
February 7, 2024, 9:31 pm
Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում
February 6, 2024, 9:22 pm
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի
February 3, 2024, 11:20 pm
Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը
January 25, 2024, 6:36 pm
Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից
January 25, 2024, 6:31 pm
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
January 25, 2024, 6:22 pm
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել
January 23, 2024, 10:55 pm
Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
January 18, 2024, 11:57 pm
ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
January 17, 2024, 10:58 pm
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը
January 17, 2024, 10:50 pm
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը
January 17, 2024, 10:48 pm
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
January 16, 2024, 12:10 am
ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
January 12, 2024, 10:49 pm
Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա
January 12, 2024, 10:01 pm
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով
January 9, 2024, 11:31 pm
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ
December 12, 2023, 12:43 am
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
December 9, 2023, 11:06 pm
ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
December 5, 2023, 2:07 pm
Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար
December 4, 2023, 3:20 pm
Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
December 4, 2023, 3:12 pm
Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում
November 23, 2023, 1:12 pm
Ցեղասպանության շարունակությունը. Ինչպես էին ռուս-բոլշեւիկյան ու թուրքական զորքերը համատեղ ջարդում հայերին
April 24, 2019, 11:29 am
4396
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի «Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը պայմանավորող հիմնական գործընթացները» հոդվածաշարի այս մասը lragir.am-ում հրապարակվել է 2014 թ. հոկտեմբերի 14-ին
Մուստաֆա Քեմալը խորհրդայնացնում է Ադրբեջանը
Մուստաֆա Քեմալին շատ հեշտ է հաջողվում «Ադրբեջանին ստիպել մտնելու սովետական պետությունների խմբի մեջ»: Լենինին ուղղված ապրիլի 26-ի Մուստաֆա Քեմալի նամակից ճիշտ երկու օր հետո, ապրիլի 28-ին Ադրբեջանը հաշտ ու խաղաղ հայտարարում է իր «խորհրդային» դառնալու իրողությունը և, իհարկե, առաջին իսկ քայլը Խորհրդային Ռուսաստանից օգնության խնդրանքն էր:
Չնայած արտաքին վայելչության պահպանության փորձերին (հայտարարվեց, որ Ադրբեջանական խորհրդային անկախ հանրապետության ժամանակավոր ռազմա-հեղափոխական կոմիտեն իշխանության է եկել Բաքվի հեղափոխական պրոլետարիատի և Ադրբեջանի աշխատավոր գյուղացիության կամքով, և այդ իշխանությունը հին մուսավաթական կառավարությունը հայտարարում է ժողովրդի դավաճան և անկախության թշնամի), այնուամենայնիվ հայտարարվեց, որ պառլամենտն աշխատում է նույն կազմով (!!!) և տեղական վարչակազմերը շարունակում են հանգիստ աշխատել իրենց տեղերում:
Այս տարօրինակ «հեղաշրջումը» տեղի էր ունեցել Ադրբեջանական պառլամենտի հանգիստ որոշմամբ, որտեղ ապրիլի 27-ի արտակարգ նիստի ընթացքում կոմունիստները պահանջագիր էին ներկայացրել իշխանությունն իրենց հանձնելու վերաբերյալ, և գիշերվա ժամը 12-ին պառլամենտական հանձնաժողովը որոշել է բավարարել այդ պահանջը («Борьба», N96, ապրիլի 30): Մինչդեռ ցանկության դեպքում մուսավաթականները լիովին կարող էին դիմակայել Ադրբեջանի բոլշևիկացմանը:
Միկոյանը իր հուշերում պատմում է, որ այդ պահին «Հետախուզական տվյալների համաձայն, Ադրբեջանի մուսավաթական կառավարությունն ուներ 30-հազարանոց զորք: 20 հազարը տեղակայված էր Հայաստանի սահմաններին, իսկ 10 հազարը տեղակայված էր մի շարք բնակավայրերի ռազմակայաններում: Ադրբեջանի բանակը դրանից [խորհրդային բանակի մուտքից] քիչ առաջ իրականացրել էր Ղարաբաղի, Շուշիի հայերի կոտորածը: Մեր բանակի զբաղեցրած գծի հետ շփման գոտում կար երեք հազարից մի փոքր ավելի» (А.Микоян, Так было, գլուխ 8):
Քանի որ Ադրբեջանի խորհրդայնացումը համաձայնեցված էր Մուստաֆա Քեմալի, ուրեմն նաև՝ մուսավաթական կառավարության հետ, բոլշևիկներն իրենց զորքերը մտցնելիս ռազմական դիմադրության չէին հանդիպելու: Բայց նրանք վախենում էին, որ Ադրբեջանի խորհրդայնացման այդ հապճեպ հայտարարությունը կարող էր մուսավաթական առանձին խմբերի կողմից չընկալվել որպես համաձայնեցման հետևանք, և հնարավոր էին համարում, որ խնդիրը չհասկացած խմբերը կարող էին նավթահանքերում խռովություն հրահրել և հրդեհներ առաջացնել: Ուստի օր առաջ անհրաժեշտ էր այնտեղ խնդիրը գտակցող մի փոքր ջոկատ ուղարկել: Այդ ջոկատն ուղարկվում է մեն-միակ զրահագնացքով, որն ուղեկցում էր Ա.Միկոյանը: Նա էլ հենց նկարագրում է իրենց «հաղթական արշավը» հողը մշակող գյուղական բնակչության միջով. «Մեր գնացքը գնում էր կարմիր պաստառով: Գյուղացիները մեզ ողջունում էին բացականչություններով, մենք էլ բացականչում էինք. «Կեցցե Սովետական Ադրբեջանը», «Կեցցե ռուս և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությունը»:
Բոլշևիկյան այդ զրահագնացքն, իհարկե, առանց որևէ դիմադրության հասնում է Բաքու: Մուսավաթական Ադրբեջանի 30-հազարանոց զորքից ոչ մի գնդակ չի արձակվում: «Ապրիլի 28-ի գիշերը նրանք բանտերից ազատեցին ձերբակալված բոլշևիկներին և հանձնեցին իշխանությունը»:
Այսպես Ադրբեջանի մուսավաթականները մեկ օրում դարձան բոլշևիկներ, և նույն 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը հանգիստ, առանց դիմադրության մտավ Բաքու: Մայիսի մեկին առանց որևէ կռվի Բաքու հասած Կարմիր բանակին մնում էր միայն… գրկախառնվել տոնի առիթով փողոցները լցված աշխատավորների հետ: «Կարմիր բանակը հասավ մինչև մենշևիկյան Վրաստանի ու դաշնակցական Հայաստանի սահմանները» (А.Микоян, Так было, գլուխ 8):
Կովկասյան թուրքերն այլևս դեմ չէին պաշտոնական Մոսկվայի փաստացի իշխանությանը, քանի որ համաձայնությունը կայացել էր օսմանյան թուրքերի՝ ի դեմս Մուստաֆա Քեմալի, հետ, և համաձայնությունը կառուցվել էր կովկասյան թուրքերի պահանջների հաշվառումով՝ Հայաստանի դեմ:
Այնուհետև դեպքերն սկսում են զարգանալ գլխապտույտ արագությամբ: Մոսկվան հայկական հարցում փաստացի ստանձնում է Մուստաֆա Քեմալի կամքի կամակատարի դերը, որը հանգում էր կովկասյան և օսմանյան թուրքերի տարածքային պահանջների պաշտպանությանը: Հաջորդ օրը, ապրիլի 29-ին Ադրբեջանի Հեղկոմը հեռագիր է ուղարկում Հայաստանի կառավարությանը. «Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բանվորա-գյուղացիական կառավարությունը ի դեմս Հեղափոխական Կոմիտեի պահանջում է. Առաջին) ձեր զորքերից ազատել Ղարաբաղն ու Զանգեզուրը, երկրորդ) վերջ տալ ազգամիջյան կոտորածներին, այլապես ԱԽՍՀ Հեղկոմը ստիպված կլինի պատերազմի մեջ մտնել Հայաստանի Հանրապետության հետ: Ուլտիմատումի վեջնաժամկետը երեք օր է»:
Սա՝ այն դեպքում, երբ արդեն խորհրդային հայտարարված Ադրբեջանում շարունակում էին հայկական կոտորածները: Այս «ուլտիմատումից» քսան օր հետո, մայիսի 20-ին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարին խորհրդային իշխանության լիազոր ներկայացուցիչ Յասին մոլլա Մամեդ Օղլին զեկուցում է, որ Նուխու և Արեշի շրջաններում հայ բնակչության նկատմամբ ջարդերը շարունակվում են, իշխանության ներկայացուցիչները նույն արյունարբու չինովնիկներն են, ովքեր հայ կանանց ու երեխաներին կենդանի վառել են, ստրկության մեջ են պահում գերեվարվածներին և այժմ էլ իրենց տիրապետությունը շարունակում են խորհրդային իշխանության անունից (ՀՀ ԱԱ, Ֆ. 200, Ց. 1, Գ. 250, Թ.12, Վավերացված պատճեն; Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, с. 59):
Խորհրդայնացված Ադրբեջանում ոչ միայն ոչինչ չէր փոխվել, այլև այն իրեն շատ խրախուսված էր զգում «իմպերիալիստ», «շովինիստ», «իմպերիալիստների կամակատար» հայտարարված հայերի նկատմամբ գործողություններում: Հայերի ջարդերի մեջ նոր գաղափարական մեկնաբանություն էր մտել,- նրանք խանգարում են «արևելքը բոլշևիկացնելու» և «բոլոր ճնշվածներին պաշտպանելու» ռուս-թուրքական ծրագրի իրականացմանը: Ադրբեջանի խորհրդայնանալուց անմիջապես հետո Բաքվում սկսվել են նաև հայերի ձերբակալությունները (ՀՀ ԱԱ. Ֆ. 278, ց. 1, գ.32, թ. 40-41, պատճեն: Ձեռագիր,- «Հայերի կոտորածները…», էջ 475-476):
Միաժամանակ հայ բոլշևիկները Բաքվում սարսափելի լուրեր էին տարածում Հայաստանում իշխանությունների կողմից կատարվող վայրագությունների մասին, իբրև «մաուզերիստների կուսակցությունը» Հայաստանում անխնա կոտորում է հայ բանվորներին, գյուղացիներին և նրանց պաշտպան մեծամասնականներին (բոլշևիկներին-Հ.Խ.), որոնց ընտանիքներին բռնաբարում են ու հալածում»: Ստորագրել են Նանեյշվիլի, Միկոյան՝ Ադրբեյջանի կոմունիստական կուսակցության անունից, Կոստանյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության անունից և Ավիսը՝ Ռազմա-հեղափոխական կոմիտեի անունից» ( ՀՀ ԱԱ, ֆ. 200« ց. 1« գ. 581« թթ. 119 շրջ.-120,- «Հայերի կոտորածները…», էջ 477-479): Այս կարգի տեղեկությունները շատ-շատ են, սահմանափակվենք:
Կարմիր բանակը մտնում է Հայաստան
Մուստաֆա Քեմալին տրված խոստումները պետք էր կատարել, և մայիսի 21-ին Կարմիր բանակը մոտենում է Ղարաբաղին: Իսկ մայիսի 24-ին Օրջոնոկիձեն հեռագրում է Ռուսաստանի Արտաքին ժողկոմի տեղակալ Լ.Կարախանին, Լենինին և Ստալինին, տեղեկացնելով, որ դաշնակցականները չեն համաձայնի, որ թուրքերին ռազմամթերք տանող իրենց զորքերն անցնեն Հայաստանով, և որ չնայած Հայաստանը շատ հեշտ է պայթեցնել, բայց դա կառաջացնի պարենային դժվարություններ: Ուստի, առաջարկում է նա, Հայաստանից «լավ կլինի առայժ գրավել Նախիջևանը, Օրդուբադը և Ջուլֆան»( ГАРФ, Ф.130, Оп.4, Д.496, Лл. 73а-74а. Фотокопия подлинника. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 60):
Մոսկվայում մայիսի 25-ին բոլշևիկների Քաղբյուրոյի ԿԿ-ն Հայաստանի մասով որոշում է ընդունում «հավանություն տալ Արտաքին գործերի ժողկոմի՝ Արևելքի ժողովուրդների ազատագրական շարժմանն օժանդակելու քաղաքականությանը» (РГАСПИ, Ф.17, Оп.163, Д.69, Лл.1,3 об. Подлинник. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 61): «Արևելքի ժողովուրդներից» Ադրբեջանն «ազատագրվել» էր, բայց պայմանավորվածության համաձայն դեռևս անհրաժեշտ էր նրան հանձնել Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, ինչպես նաև պետք էր Անտանտից ազատագրել Թուրքիան, ինչին, ռուս-թուրքական տրամաբանությամբ, խանգարում էր Հայաստանի Հանրապետության առկայությունը: Թուրքերին խոստացված զենք-զինամթերքն ու պարենը Հայաստանի վրայով չէին կարող տանել: Իհարկե Ռուսաստանը Քեմալին կարող էր զենք-զինամթերքը տանել ծովային ճանապարհով, բայց դա ցանկալի չէր: Նախ՝ քեմալականներին զենք-զինամթերքն ավելի պետք էր Հայաստանը ճնշելու համար և, իհարկե, նրանց ցանկալի էր դրանք ստանալ հենց Հայաստանի սահմանակից տարածքում:
Երկրորդ՝ դա «իմպերիալիստական Հայաստանին» հնարավորություն կտար կազմակերպելու Ադրբեջանին խոստացված հայկական տարածքների պաշտպանությունը: Ռուսաստանին հարկավոր էր ելք մտածել Հայաստանի առնվազն հարավային տարածքներում վերահսկողություն սահմանելու: Առիթ էր պետք Հայաստան մտնելու, և հունիսի 4-ին Հայաստանում ստանում են Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գ.Չիչերինի հեռագիրը. «Արժանահավատ տեղեկությունների համաձայն Կարսում և Հայաստանի այլ շրջաններում ձերբակալված են հարյուրավոր կոմունիստներ: Հայաստանի կառավարությունը ինքնադատաստան է տեսնում նրանց հետ և գաղտնի գնդակահարում է կոմունիստներին: Մասնավորապես գնդակահարվել է ընկեր Միկոյանը: Խորհրդային կառավարությունը խիստ վրդովված է…» (Оганесян Э., Век борьбы. Очерк 100-летней истории дашнакской партии и национально-освободительной борьбы армянского народа. Мюнхен-Москва, 1991, էջ 319-320):
Եվ «վրդովված» կառավարության հրահանգով Կարմիր բանակը մտնում է Զանգեզուր… Այստեղ նրանց դիմադրում են Նժդեհի զորամիավորումները, «կարմիրները» Զանգեզուրում մեծ հաջողությունների չեն հասնում, բայց նրանց գնդերից մեկը գրավում է Նախիջևանը:
Հետագայում Քեմալ Աթաթուրքը պիտի պատմի, որ այդ նույն շրջանում խորհրդային զորքերն անհրաժեշտ աշխատանքներ էին տանում Հայաստանի և Վրաստանի սահմաններում, մինչև օգոստոսի մեկին հնարավոր դարձավ մեր (թուրքերի-Հ.Խ.) զորքերի և կարմիր բանակի միավորումը Նախիջևանում (Кемаль Ататюрк. Избранные речи и выступления. М., 1966, էջ 102, 103): Այդ ընթացքում իրականում ողջ ու առողջ հայ բոլշևիկ «ընկեր Միկոյանը», իր «գնդակահարությամբ» մտահոգ մոսկովյան ընկերներին՝ բոլշևիկյան Կենտրոնական Կոմիտեին Բաքվից, մի շարք այլ կովկասյան բոլշևիկների հետ մեկը մյուսի հետևից հեռագրեր է ուղարկում, բոլորում պահանջելով ամեն ինչ անել Ղարաբաղն ու Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու համար (Телеграмма Н.Нариманова, М.Мдивани, А.Микояна, А.Нуриджаняна Г.Чичерину. 19.06.1920 // Государственный Архив Азербайджанской Республики, ф.28, оп.1, д.211, л.115):
1920 թ. հունիսի 19-ին, երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, հայ բոլշևիկներ Ա.Միկոյանն ու Ա. Նուրիջանյանը Ն. Նարիմանովի ու Մ. Մդիվանիի հետ հեռագիր են ուղարկում Գ. Չիչերինին՝ կատեգորիկ պահանջելով Ղարաբաղն ու Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին:
Ադրբեջանական բոլշևիկյան իշխանություններն իրենց շատ ազատ էին զգում և նրանց բռնի գործողությունները հասնում են այն աստիճանի, որ Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը հունիսի 22-ին ստիպված էր դիմել բոլշևիկյան ԿԿ Քաղբյուրոյին՝ զսպելու «կովկասյան խմբի» բոլշևիկների հակահայկական գործողությունները (РГАСПИ, Ф.50, Оп.2, Д. 314, л.10, Подлинник, Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, с. 72): Խոսքը գնում էր հենց այն խմբի մասին, որի ձեռքին պիտի հետագայում հայտնվեր խորհրդայնացած Հայաստանի իշխանությունը և Կովկասում՝ հայերի ճակատագիրը: Նույն օրը բոլշևիկների կովկասյան բյուրոյի անդամ Գ.Օրջոնիկիձեն հեռագիր է ուղարկում Չիչերինին՝ տեղեկացնելով, որ Կովկասի բոլշևիկները (նկատի ոնենալով Կովկասի հայ բոլշևիկներին) դեմ չեն լինելու Զանգեզուրն ու Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու, իսկ այդ միացումը խոշոր հաղթաթուղթ կդառնա Ադրբեջանի կոմունիստների ձեռքին և «ճանապարհ կբացի» քոչվորների համար (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д. 17, Лл.66-71, Подлинник, Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 73):
Սրան հետևում է Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովի հունիսի 27-ի հեռագիրը Չիչերինին, որով Նարիմանովը փաստացի սպառնում է, որ Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը Ադրբեջանի օգտին չլուծելու դեպքում ոտքի կկանգնեն «հակահեղափոխական մուսավաթականները» ( РГАСПИ, Ф.2, Оп.1, Д. 14516, Лл.1-2об., Подлинник, Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 75): Եվ կրկին գործի են լծվում «կովկասյան խմբի» հայ բոլշևիկները: 1920թ. հուլիսի 10-ին Միկոյանը ևս մի հեռագիր է ուղարկում, սպառնալով, որ «Ադրբեջանը նախկին սահմաններում (??-Հ.Խ.) պահպանելու անկարողությունը մուսուլմանական զանգվածը կհամարի դավաճանություն, հայամետություն կամ Խորհրդային իշխանության թուլություն: Թե՛ այս, թե՛ այն կարող են դառնալ Խորհրդային իշխանության դեմ լարված ապստամբության պատճառ: Զանգեզուրում և Ղարաբաղում դաշնակցականների մուտքը կընդհատի հեղափոխության զարգացումը Թուրքիայում, կզրկի նրանց մեր օգնությունից և նրանց համար կստեղծի սպառնալի թիկունք» (ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության արխիվ, գ.56822, թ.36):
Այդ նույն ժամանակ թուրքերը կոտորում էին Նախիջևանի հայերին, Զանգեզուրում փաստացի միմյանց կոտորում էին տեղի հայ ու մահմեդական բնակչությունը, և վերջիններիս օգնում էր Կարմիր բանակը, իսկ խորհրդայնացված Ադրբեջանի Ելիզավետպոլի նահանգի Նուխի և Արեշի բազմիցս ջարդերի ենթարված փախստական հայությունը շարունակվող ջարդերից հուսահատ հերթական խնդրագիրն էր ներկայացնում Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչին՝ թույլ տալ իրենց Ադրբեջանից Հայաստան գնալ, այլապես «մենք վեջնականապես կկործանվենք… մեր փրկությունը միայն տեղափոխության մեջ է…» (ՀՀԱԱ, Ֆ.278, Ց.1, Գ.35, Թ.47,- «Հայերի կոտորածները…», էջ 484-485):
Ռուսաստանը, օգտվելով Զանգեզուրում Կարմիր բանակի առկայությունից և հայերի շարունակվող կոտորածներից, բանակցում էր Հայաստանի իշխանությունների հետ ժամանակավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ պայմանով, որ Հայաստանը չխանգարի քեմալականներին խոստացված օգնությունն իր տարածքով տանելու: Բայց «կովկասյան խմբի» բալշևիկներին անհրաժեշտ էր նախապես ապահովել Ադրբեջանին խոստացված տարածքների միավորումը: 1920 թ. հուլիսի 29-ին Միկոյանը ևս մի հեռագիր է ուղարկում Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով» (Телеграмма А.Микояна Г.Орджоникидзе. 29.06.1920 // РГАСПИ, ф.64, оп.1, д.17, л.134):
Ըստ Ադրբեջանում Հայաստանի ներկայացուցչության՝ ««Ադրբեջանի ներկա քաղաքականության գլխավոր ուշադրությունն ուղղված է ռուս¬հայկական բանակցություններին: Ամենահեռավոր և թույլ հավանականությունը, որ Զանգեզուրը և Ղարաբաղը կարողանա անցնել Հայաստանին, ոտքի է հանել ամբողջ Հեղկոմը և թրքական ակտիվ շրջանները, նաև հայ կոմունիստների մի ստվար մեծամասնություն, որոնք ռմբակոծում են Մոսկվան հատուկ պատվիրակություններով՝ դիվանագետներով և այլն: Այդ հավանականությունն էր, որ շտապեցրեց Զանգեզուրի գրավումը: Այստեղ զուգադիպում են մի քանի նկատառումներ. ամենից առաջ համաթրքական ծրագիրն է՝ Տաճկաստանի հետ միանալու համար: Նախիջևանի, Շարուրի և Սուրմալուի վրայով մի կորիդոր ստեղծել դեպի Տաճկաստան. այս ծրագիրը, որ մուսավաթական իշխանության վերջին օրերին կարծես թե բոլորովին լքված էր, այսօր հարություն է առել հսկայական ծավալով և շատ մեծ թափով:
Անշուշտ, Մոսկվայում և սոցիալիստական շրջաններում այդ ծրագրի իրագործումը պատճառաբանվում է անհրաժեշտությամբ՝ ամբողջությամբ միանալու «Կարմիր» Անատոլիայի հետ: Այստեղ օժանդակում է նաև Ռուսաստանի և Տաճկաստանի դաշնը, իսկ գործողությունների համար բարոյական նեցուկ է հանդիսանում հայ կոմունիստների մի բավական ուժեղ հոսանք» («Հայերի կոտորածները…», էջ 479-480):
Հայ բոլշևիկների խիստ զիջումնային պատրաստակամության կամ, գուցե, «սոցիալիզմը լուծելու է բոլոր վիճելի հարցերը» հավատի հենքին Կովկասի նոր բոլշևիկացած թուրքերը դիմում էին բոլոր հնարավոր մեթոդներին՝ հայերի և Հայաստանի հաշվին իրենց տարածքային հարցը լուծելու,- ճնշումներ, ձերբակալություններ, կռիվներ, դավադրություն, կաշառք: Բազմաթիվ օրինակներից հիշենք մեկը:
1920թ. հուլիսի 21-ին, Արդեն խորհրդային հայտարարված Ղարաբաղի Հեղկոմի նախագահ բոլշևիկ Ասադ Կարաևը, Հեղկոմի պաշտոնաթերթիկի վրա «հույժ գաղտնի» մակագրությամբ նամակ է ուղարկում Գերուսի Հեղկոմին: Մեր տեղեկություններով,- գրում է նա,- «Զանգեզուրի գյուղերի 90 %-ը զինաթափված չէ: Դա ցավալի է: Սակայն ավելի ցավալի է այն, որ մինչև այսօր գլխատված չեն Զանգեզուրի հայության առաջնորդները: Նրանց մտավորականությունն ու զինվորական առաջնորդները մինչև հիմա գյուղերում են: Վաղը, ապստամբության դեպքում, նրանք կդառնան առաջնորդներ և մեր ուժերը դուրս կհանեն Զանգեզուրից: Կրկին ու կրկին ասում եմ՝ ժամանակը չի սպասում: Գիշեր ցերեկ աշխատեք: Ջանացեք ամեն ինչ տեսնել և ձերբակալել հարկավոր հայերին: Աքսորներն ու առևանգումները մեծ բան չեն, ժամանակը կանցնի և նրանք կրկին կվերադառնան իրենց երկիր: Թողեք մարդասիրությունը: Դրանով երկիր չեք ստեղծի, «երկիր» չեք նվաճի, խաղաղությամբ չեք ապրի: Այստեղի ընկերներն այքնան էլ գոհ չեն Գերուսի Հեղկոմից, ջանացեք վերաընտրել Հեղկոմը, և ընտրել միայն մուսուլմաններին և մեզ հայտնի ռուսներին: Օրերս Գերուս կգա Արմենակ Կարագյոզյանը: Առայժմ չի ստեցել 22 մլն ռուբլին և ճանապարհ չի ընկել… Նա խոստանում է Զանգեզուրը յոթ օրում միացնել Հայաստանին… Եթե Դուք ուժ չունեք, ապա փող ունեք: Ինչու՞ եք դանդաղում այդ ապստամբած շրջանը նվաճել: Խոսելով ինչ որ Աշդա փաշայի մասին (խոսքը Նժդեհի մասին է): Ո՞ր հային երեք միլիոն ռուբլի չտաս, որ ձեզ չբերի այդ մարդու գլուխը: Եթե փողի կարիք ունեք, հեռագրեք, կուղարկենք:
Հ.Գ. Զինվորներով հարուստ տեղերում, հայերին թուլացնելու նպատակով, սպանեք մի ռուս զինվորի և դրանում մեղադրեք հայերին: Գիտեք, թե ինչ կանեն ռուսները: Զանգեզուրում օրինավոր մարդ ու հարստություն մի թողեք, որպեսզի այդ անիծյալ ցեղը երբևէ չկարողանա ոտքի կանգնել: Ռուսաստանում այդպես են արել, այդպես էլ դուք պիտի անեք» ( РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.19, Л.10, Заверенная копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր 2, մաս 1, էջ 103): Այդ ընթացքում քեմալական թուրքերը գրավում են Նախիջևանը, այն հայտարարում խորհրդային և Ռուսաստանին առաջարկում այնտեղ սովետական զորք մտցնել: Բնականաբար Հայաստանի իշխանությունները բազմաթիվ բողոքի նոտաներ են հղում Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքները գրավելու և խորհրդային զորքերի խտացումների դեմ: Ղարաբաղի համար պայքարող Դրոն հետ է վերադառնում՝ Նախիջևանի պաշտպանության համար, ինչին անմիջապես հաջորդում է Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության հայտնի կազմակերպիչ և այժմ արդեն բոլշևիկյան Ռուսաստանի սրտակից բարեկամ Խալիլ փաշայի բողոքն ու սպառնալիքը Օրջոնոկիձեին այն մասին, որ դա խանգարում է թուրքական և խորհրդային զորքերի միավորմանը և որ Թուրքիան այլևս չի կարող հանդիսատեսի դերում սպասել մահմեդական բնակչության դեմ ծաղրուծանակին(РГАСПИ, Ф.544, Оп.3, Д.15, Л.8-10, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր 2, մաս 1, էջ 127):
Ակնհայտ է, որ միացյալ օսմանյան ու կովկասյան թուրքերը շտապում էին դեպքերն արագացնել, որովհետև ընթացքի մեջ էր Սևրի պայմանագիրը (1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրով կոնկրետ Անդրկովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանները պիտի որոշվեին այս պետությունների ուղղակի բանակցություններով, հակառակ դեպքում դաշնակից պետությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ ստեղծվող հանձնաժողովով) և նրանք ուզում էին օր առաջ լուծած լինել Նախիջևանի, Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը՝ փաստի առաջ կանգնեցնելով Սևրի պայմանագրի վրա աշխատողներին:
Փաստացի մինչ սուլթանական Թուրքիայի ու Անտանտի դաշնակիցների միջև քննարկվում և լուծում էր առաջարկվում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հեռանկարի և ցեղասպանության հանցագործների դատապարտելու հարցի շուրջ, ցեղասպանությունը փաստացի շարունակող Մուստաֆա Քեմալի և Վլադիմիր Լենինի միջև քննարկվում էր սոցիալիզմը Թուրքիայի միջոցով արևելք տեղափոխելու պատրանքը՝ Հայաստանը և հայ ժողովրդին զոհաբերելու միջոցով:
Օգոստոսի 10-ին, նույն օրը, երբ Սևրում Թուրքիայի օրինական իշխանության՝ սուլթանական Թուրքիայի կառավարության հետ ստորագրվում էր հայերի համար չափազանց կարևոր Սևրի պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ստիպված էին Խորհրդային Ռուսաստանի հետ ստորագրել «Ժամակավոր զինադադարի պայմանագիր», որով Զանգեզուրը, Ղարաբաղը և Նախիջևանը հայտարարվում են չեզոք գոտի, որի բնակչության անվտանգությունն ընկնում է Խորհրդային Ռուսաստանի իշխանության վրա՝ մինչև դրանց Հայաստանին կամ Ադրբեջանին պատկանելության հարցը կվճռվի (ՀՀԱԱ, ֆ.200, ց. 1, գ. 581, թ. 262; Հրատարակված է . Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ 125; Հրատարակված է Բանբեր Հայաստանի արխիվների, 1967, թիվ 3, փաստ.17, էջ 46):
Ռուսաստանին դա չափազանց անհրաժեշտ էր՝ այդ տարածքով Նախիջևանում հաստատված քեմալականներին զենք ու մթերք հասցնելու համար: Մինչդեռ քեմալականներն առանց իրենց բարեկամ ռուս բոլշևիկների հանդեպ որևէ պատասխանատվության՝ այնպիսի դաժանությունների էին հասել հայերի նկատմամբ, որ նույնիսկ իրենց սրտակից բարեկամներ ռուս բոլշևիկների կառավարության Արտաքին հարաբերությունների ժողկոմը ստիպված էր բողոքի նոտա ուղարկել թուրքերին: Տարօրինակ է, որ նույն օրը Չիչերինը նամակ է ուղարկում Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Մ.Լեգրանին՝ փորձելով «ներշնչել նրան», որ Հայաստանը խորհրդային Ռուսաստանի բողոքի նոտայի շնորհիվ փրկվել է քեմալականների արշավանքից (АВПР, Ф.04, Оп.51, П. 321 а, Д.54870, Л.18-18об, Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 127-128) (կարծես թե իրենք չեն քեմալականներին բերել Հայաստան և չեն շարունակում նրանց հովանավորել):
Քեմալականներին Նախիջևանում զսպվելու կոչ անող բոլշևիկների Կարմիր բանակն իրեն ավելի մարդասեր չէր պահում Զանգեզուրում: Հայկական գյուղերի հանդեպ գրոհներ էին իրականացնում թե Զանգեզուրում գտնվող Կարմիր բանակի կողմից խրախուսվող տեղի մահմեդականները, թե Կարմիր բանակի զորամիավորումներն իրենք: Հայ բնակչությունը պատրաստ էր փախչել այդ աքցանից, բայց Նժդեհը նրանց ուղղակի զենքի ուժով ստիպում էր իր հետ միասին կռվել այդ երկու խմբերի դեմ:
Կարմիր բանակի վայրագությունները չէին զիջում մահմեդականների իրականացրածներին: Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու օրը Չիչերինը ռադիոյով քննարկում է Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի հետ՝ ինչպես պահեն իրենց այժմ, երբ կարմիր բանակի գազանություններից խորապես վրդովված Հայաստանի Հանրապետությունն, իհարկե, չէր թողնի այդ ճանապարհով զինամթերք ու պարեն ուղարկել թուրքերին: Իսկ Կարմիր բանակի գազանություններն իրոք տպավորիչ էին: Չիչերինը հաղորդում է, որ «Խորենի ու Տիգրանյանի (ՀՀ կառավարության ներկայացուցիչներ-Հ.Խ.) սպանություններից զատ թվարկվում են բազմաթիվ հայ կոմիսարներ և այլ պաշտոնատար անձիք, խոսվում է Ղարաբաղում ու Զանգեզուրում գնդացիրներով զանգվածային սպանությունների մասին, մեր զորքերը բազմաթիվ հայկական գյուղեր են ավերել Զանգեզուրում, փրկված գյուղացիության մնացորդները բաց երկնքի տակ են, մեր զորամիավորումները զանգվածաբար գնդակահարել են նույնիսկ տասներկու-տասներեք տարեկան տղաների ու աղջիկների, բնակչությունը հուսահատության է հասցվել, մյուսներին մեր զորքերը քշել են Ադրբեջան, որտեղ շատերը գնդակահարվել են, Բաքվի ներսում էլ եղել են հայերի զանգվածային գնդակահարություններ: Էրիվանի իշխանությունները տեսել են գնդակահարությունների վերաբերյալ ռուսական հրամանները»:
Այս ամենից հետո Չիչերինն ուզում է հասկանալ, թե ինչպե՞ս պիտի իրեն պահի Խորհրդային Ռուսաստանը, եթե թուրքերն իրենք իրենցով, առանց Ռուսաստանի մասնակցության գրավեն հայերի վերահսկողության տակ մնացած Շախտախտին և Սարիղամիշը (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Лл.33-34, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր 2, մաս 1, էջ 130) և արդյո՞ք իմաստ չունի նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն, խախտեն հենց այդ օրը հայերի հետ կնքած զինադադարի համաձայնագիրը և իրենք գրավեն Շախտախտին:
Հիրավի, բոլշևիկյան քաղաքականության անբարոյականության հիմքերը ձևավերվել են հենց ակունքներում և, հավանաբար, մեծ չափով սնվել են թուրքականից: Իսկապես, համաձայնագիրը կնքելուց չորս օր հետո, օգոստոսի 14-ին, թուրքերը Մոսկվայի բանավոր համաձայնությունն են խնդրում Սարիղամիշն ու Շախտախտին Հայաստանից խլելու(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.25, Лл.72, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր 2, մաս 1, էջ 133-134), և օգոստոսի 17-ին Չիչերինն առաջարկում է համաձայվել(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.25, Лл.116, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր 2, մաս 1, էջ 138):
Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև օգոստոսի 10-ին ստորագրված համաձայնագրին չի ենթարկվում Զանգեզուրը օսմանյան և կովկասյան թուրքերի հարձակումներին և Կարմիր բանակի վայրագություններին դիմադրող Նժդեհը և շարունակում է պայքարը:
Նյութի աղբյուր. Lragir.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ