ԼՐԱՀՈՍ
լրահոս
3 զինված անձ նռնակ գործադրելու միջոցով փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք
March 24, 2024, 6:38 pm
Մոսկվան Վաշինգտոնին ծանուցել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
March 2, 2024, 3:23 pm
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
February 29, 2024, 2:58 pm
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո
February 29, 2024, 2:34 pm
Գոռ Սահակյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
February 14, 2024, 11:44 pm
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն
February 14, 2024, 11:36 pm
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք Բասարին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
February 13, 2024, 9:48 pm
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
February 13, 2024, 8:59 pm
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր
February 13, 2024, 12:45 pm
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
February 7, 2024, 9:31 pm
Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում
February 6, 2024, 9:22 pm
Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի
February 3, 2024, 11:20 pm
Ադրբեջանը դիտարկում է ԵԽ-ից դուրս գալու ընթացակարգը
January 25, 2024, 6:36 pm
Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու իրավունքից
January 25, 2024, 6:31 pm
Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
January 25, 2024, 6:22 pm
Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է. Բորել
January 23, 2024, 10:55 pm
Պուտինը հանձնարարել է արհեստական բանականության ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում դիտարկել
January 18, 2024, 11:57 pm
ԵՄ խորհուրդը կընդլայնի քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում
January 17, 2024, 10:58 pm
Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը
January 17, 2024, 10:50 pm
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը
January 17, 2024, 10:48 pm
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
January 16, 2024, 12:10 am
ԼՂ-ից տեղահանվածնին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
January 12, 2024, 10:49 pm
Ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ փաստեր է պահանջում. Զախարովա
January 12, 2024, 10:01 pm
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով
January 9, 2024, 11:31 pm
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ
December 12, 2023, 12:43 am
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
December 9, 2023, 11:06 pm
ԵՄ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում․ Մարագոս
December 5, 2023, 2:07 pm
Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել․ փոխնախարար
December 4, 2023, 3:20 pm
Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
December 4, 2023, 3:12 pm
Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում
November 23, 2023, 1:12 pm
«Եթե նրանք (Ռուսաստանը) ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու»
September 1, 2019, 12:29 am
3578
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Nouvelle d’Arménie ամսագրին
Ն․Դ․Ա : Լրանում է Ձեր իշխանության գալու 500-րդ օրը։ Դուք ունեք Հայաստանի ճակատագիրը կրելու ծանր պատասխանատվություն։ Արդյոք ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես պատկերացնում էիք։ Ի՞նչն է սպասվածից ավելի դժվար, եւ ինչը՝ հեշտ։
Նիկոլ Փաշինյան։ Առիթ ունեմ կարծելու “հեշտ” կամ “դժվար” կատեգորիաներն այդ հարցի դեպքում չեն գործում։ Երկրի կառավարման գործում, ընդհանուր առմամբ, չկան հեշտ գործեր։ Ինչպես ցանկացած գործունեություն, կառավարելը անբաժանելիորեն միահյուսված ասպեկտների ամբողջություն է։ Ամենամեծ հաջողությունը, որ արդեն ընդգծել եմ, եղել է ժողովրդավարության հաստատումը Հայաստանում։ Ես խոսում եմ ժողովրդավարության մասին բառի ոչ նեղ իմաստով։ Ձեր հնչեցրած հարցում դուք ասացիք, որ ես իմ ուսերին եմ կրում Հայաստանի պատասխանատվությունը։ Այո, դա ճիշտ է․ես երբեք չեմ խուսափել եւ չեմ խուսափի իմ պատասխանատվությունից։ Ժողովրդավարության գաղափարը հետևյալն է․Հայաստանը բռնապետություն չէ, այն չի կառավարվում բռնապետական ռեժիմի կողմից։ Իմ հիմնական ուղերձը, որ ես կրում էի իմ՝ որպես ընդդիմադիր գործիչ քաղաքական կարիերայի սկզբից, եւ անգամ, դրանից առաջ, այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի պատասխանատվության իր բաժինը առօրյա կյանքում։ Անկասկած, որոշ մարդկանց վրա դրված պատախանատվություններն ավելի տեսանելի են։
Իրողությունները, գործընթացները սկսում են աննկատ, փոքր մասշտաբով, զարգանում են եւ հասնում վերջնակետի։ Նույն բանն է Թավշյա հեղափոխության դեպքում։ Ահա թե ինչու ես սկսեցի գործընթաց, որ հանգեցրեց հեղափոխության, բայց եթե մենք ավելի ուշադիր ուսումնասիրենք մեր հասարակությունը, կտեսնենք՝ այդ գործընթացը սկսել էր շատ վաղուց։ Սաղմերը եղել են մոլեկուլային մակարդակում, տարբեր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական եւ այլն, եւ դրանց էվոլյուցիան թուլ տվեց հասնել նպատակին։ Ակնհայտորեն, այս գործընթացում որոշ ասպեկտներ ավելի շոշափելի են, քան մյուսները։ Հայաստանի զարգացման իմ տեսլականը հետեւյալն է․ հաղթանակները, որ մենք պիտի տանենք, չպետք է գեներացվեն միայն մի ուղղությամբ՝ կառավարությունից դեպի ժողովուրդ։ Դրանք պետք է իրականացվեն երկու ուղղությամբ էլ։ Դա կկատարվի համակարգված ձեւով, եթե կա որոշակի փոխըմբռնում ժողովրդի եւ կառավարության միջեւ, եւ եթե նրանց ձգտումները, նպատակները եւ գաղափարները համընկնում են։ Այսօր Հայաստանի մեծ յուրահատկությունը հենց այդտեղ է․ կառավարությունն ուզում է այն, ինչ ուզում է ժողովուրդը, կառավարությունը մտածում է նույն կերպ, ինչ քաղաքացիները, ոչ բոլոր քաղաքացիները իհարկե, բայց գոնե մեծամասնությունը։ Փոփոխությունների խոչընդոտներից, մեծ դժվարություններից մեկը բխում է գեներալիզացված կոռուպցիոն համակարգից, որում երկար տարիներ ապրել է Հայաստանը։ Միկրոկոռուպցիան եղել է բնական, կենցաղային գործելաոճ․փոքր խնդիրները կարգավորվել են այդ միկրոկոռուպցիայով: Շատ կարճ ժամանակահատվածում իրավիճակը փոխվել է։ Խնդիրներն այլեւս լուծում չեն գտնում կոռուպցիայով եւ հետեւաբար, երբեմն առհասարակ մնում են անլուծելի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ պետական համակարգը սովոր է եղել նման գործելաոճին։ Օրենքները գրված են եղել, ես կրկնում եմ, բավարարելու համար Եվրոպային եւ ոչ կարգավորելու սոցիալական հարաբերությունները․օրենքը միայն ցուցադրական արտաքին շքեղություն էր, ֆասադ, իսկ դրա հետեւում հարցերը լուծվում էին մանր ու մեծ կոռուպցիայով։ Այսօր մենք խաչ ենք քաշել այդ գործելակերպի վրա եւ փորձում ենք կառուցել երկրի կյանքը՝ հարգելով օրենքի գերակայությունը։ Բայց մենք գիտակցում ենք, որ օրենքները նախատեսված չեն այդ նպատակին ծառայելու համար, եւ ուրեմն, հնարավոր չէ կազմակերպել կյանքը արդյունավետ կերպով։ Ի հետեւանս՝ մեր ամենամեծ մարտահրավերն այսուհետ այդ օրենքները մեր իրականությանը, մեր խորը ձգտումներին ներդաշնակեցնելու, համապատասխանեցնելու մեջ է։
Ն․Դ․Ա – Հայերին մտահոգող ամենամեծ հարցը կապված է անվտանգության հետ։ Ի՞նչ կարող եք ասել նրանց հանգստացնելու համար։ Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց են գալիս գլխավոր սպառնալիքները երկրի համար։
Ն․Փ – Քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծում չի ստացել, վաղաժամ է խոսել այդ անհանգստությունները ցրելու մեխանիզմից։ Մենք ունենք հակամարտություն, այդ հակամարտությունը կարգավորված չէ։ Եթե մենք ժողովուրդ ենք՝ օժտված ստրատեգիական մտածողությամբ, իսկ ես վստահ եմ, որ մենք այդպիսինն ենք, ապա մենք չենք կարող խնդիրները լուծել կարճ ժամանակում, մի քանի օրվա ընթացքում։ Մենք պետք է գիտակցենք, որ ունենք խնդիր, որի լուծումը պահանջում է համազգային ներուժի համախմբում։ Դրա համար առաջնահերթ պետք է, որ Հայաստանի հասարակությունը եւ տնտեսությունը լինեն մրցունակ, ներառական եւ մշտապես զարգացման ճանապարհին։ Մենք պետք է մեծագույն լրջությամբ ապահովենք մեր տնտեսական առաջընթացը։ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել միայն դիվանագիտական կամ ռազմական ճանապարհներով առանձին վերցրած։ Անհրաժեշտ է ավելի լայն համակցություն, որի կենտրոնում են ուժեղ եւ մրցունակ տնտեսությունը, հզոր հասարակությունը եւ առաջատար տեխնոլոգիաներով երկիրը։ Ես արդեն բազմիցս ասել եմ՝ մեր ծրագիրը նրանում է, որ կարողանանք հասկացնել մեր բոլոր հնարավոր հակառակորդներին, որ մենք՝ որպես ժողովուրդ այնքան միասնական ենք, որպես հասարակություն՝ այնքան համախմբված, որպես պետություն՝ այնքան հզոր, որ իմաստազուրկ է մեզ հետ պատերազմելը, որովհետեւ միակ ելքը կլինի իրենց պարտությունը։ Կարիք չկա երկուստեք հանգստացնելու կամ վստահեցնելու։ Մենք պետք է հասկանանք, որ ունենք խնդիր, եւ այդ խնդիրը վերաբերում է բոլորիս։ Անկասկած, այդ խնդրի լուծումը կառավարության եւ անձամբ վարչապետի առաջնահերթությունն է։ Ես տեսնում եմ իմ գործը ոչ պարզապես համազգային ուժերը միավորելու մեջ․ պետք չէ համախմբվել սոսկ համախմբվելու համար։ Իմ խնդիրը իրական հնարավորություններ ստեղծելն է մեր ազգային ներուժը միացնելու եւ զարգացնելու համար։
Ն․Դ․Ա – Եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, դուք կապում եք անվտանգության հարցը տնտեսական զարգացման հետ։
Ն․Փ – Այո, անկասկած։ Ավելին, մենք չենք կարող այն կապել որեւէ այլ ոլորտի հետ այսպես անմիջականորեն։ Զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը։ Իսկ ինչպե՞ս է կառուցվում մեր տնտեսությունը։ Մենք չենք կարող կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա։ Թյուրըմբռնումներ թող չլինեն․ ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը կարեւոր է, այն կազմում է մեր ՀՆԱ-ի 14 տոկոսը։ Բայց սա հակամարտություն ունեցող երկրի տնտեսություն չէ։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պետք է դեռ աճեն, քանի որ մեր երկրում շատ են անմշակ հողատարածքները։ Անհրաժեշտ է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի քանակը, բայց նվազեցնել նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Գյուղատնտեսության ոլորտն արտադրանքի եւ արտահանման քանակով պետք է աճի 10 անգամ, բայց միեւնույն ժամանակ պետք է ՀՆԱ-ում իր կշիռը 14 տոկոսից հասցնի 1-ի՝ հնարավոր բոլոր հետեւանքներով։ Նույնն է նաեւ հանքարդյունաբերության դեպքում։
Ն․Դ․Ա․ – Այդ առնչությամբ ի՞նչ եք պատրաստվում անել նվազեցնելու համար հայաստանյան տնտեսության կախվածությունը հանքարդյունաբերությունից։
Ն․Փ․ – Միակ հնարավոր ճանապարհը տեխնոլոգիաների եւ վերամշակող տնտեսության զարգացումն է։ Եւ ես կարծում եմ՝ մի օր անհրաժեշտ կլինի նախատեսել օրենք արգելելու համար հումքի եւ հանքանյութերի արտահանումը Հայաստանից։ Բայց դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե հենց երկրում ունենանք խոշոր ձուլարաններ, մոլիբդենի վերամշակման գործարաններ եւ ամբողջական հանքարդյունաբերություն։ Սա է այն ճանապարհը, որ մենք մտադիր ենք եւ պետք է բռնենք։ Դեռ ոչ մի թերզարգացած երկիր չի հաջողել պաշտպանել իր շահերը հակամարտության մեջ։ Ամեն ինչ կապված է տնտեսական առողջության հետ։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը գրանցել է ամենամեծ աճը եվրոպական բոլոր երկրների մեջ: Շատ ուրախանալու առիթ չունենք, որովհետեւ մենք սկսել ենք շատ ցածրից։ Բայց դա լավ ու իրական նշան է։ Ո՞րն է մեր կառավարության ամենամեծ հաջողությունն այսօր։ Դե, իհարկե, ամենամեծ հաջողությունն այն է, որ մենք օլիգարխիկ տնտեսությունից անցել ենք ներառական տնտեսության, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին զբաղվել ձեռներեցությամբ։ Այսօր տնտեսությունն ազատ է։ Որպիսինն էլ լինի գործունեության ոլորտը, չկան սահմանափակումներ։ Որոշ ժամանակ առաջ արտադրելու, ներկրելու, արտահանելու համար անհրաժեշտ էր ենթարկվել օլիգարխների կողմից խմբագրված կանոններին։ Բայց այդ ժամանակն անցել է, խոչընդոտները հանվել են։ Ներկայում յուրաքանչյուրը կարող է ներդրում անել, աշխատել, ցույց տալ իր տաղանդը։ Քաղաքական առումով որեւէ խոչընդոտ չկա։ Մյուս կողմից, իհարկե, կան այլ արգելքներ՝ գտնել ֆինանսավորման աղբյուր, բարձր տոկոսադրույքներ, թերի ենթակառուցվածքներ, կառուցվելիք ճանապարհներ եւ այլն։ Դա այն էկոհամակարգն է, որ պետք է կառուցենք։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել։
Ն․Դ․Ա․ – Արցախի հետ հարաբերությունների սառեցում է նկատվում։ Որո՞նք են տարաձայնության կետերը։
Ն․Փ․- Կարծում եմ՝ կոռեկտ չէ ասել, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաններ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին։ Պետք է հստակ ասել իրերը․Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետեւանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, եւ, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն (ուղիղ խոսք – դիսոնանս)։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ եւ ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան։
Ն․Դ․Ա – Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ստատուս քվոն կգերակշռի ձեր հարաբերություններում մինչեւ ընտրություններ։
Ն․ Փ․ – Մեր հարաբերությունները փոխվում են ամեն օր։ Դրանք լավ են զարգանում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք սկզբունքային հարցեր եւ գտնում ենք դրանց պատասխանները։ Մենք կարծում ենք, որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով եւ տեմպով լինեն, ինչ Հայաստանում։ Ի վերջո, մենք միասնականության մասին ենք խոսում, այնպես չէ՞։ Այդ միասնականությունը պետք է մարմնավորվի նախեւառաջ քաղաքական ու հանրային ներդաշնակությամբ։ Այժմ, անհրաժեշտ է հաստատել ներդաշնակություն քաղաքական ոլորտում, Հայաստանի եւ Արցախի միջեւ քաղաքական բովանդակության մեջ ես պետք է ասեմ, որ համոզված եմ՝ Հայաստանի եւ Արցախի հասարակություններն ներդաշնակության մեջ են, մնում է ներդաշնակեցնել կառավարման համակարգերը։ Եվ այդ ներդաշնակությունը պետք է խորանա ամեն օր, ամեն կատարված քայլի հետ։ Այս գործընթացում, բնական է, կա մոտեցումների տարբերություն։ Բայց ի՞նչ ենք ուզում անել։ Արդյո՞ք ուզում ենք վարվել, ինչպես առաջ։ Թաքցնե՞լ խնդիրները։ Խուսափե՞լ դրանցից խոսել։ Բարձրագոչ կենացներ խմե՞լ եւ ձեւացնել, թե ոչինչ չկա՞։ Մենք կշարունակենք կենացներ ասել միայն սեղանի շուրջ։ Մնացյալ դեպքերում, մենք խոսում ենք ուղիղ, ամենայն անկեղծությամբ եւ գործում ենք։
Ն․Դ․Ա – Ի՞նչ եք կարծում, արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ Թավշյա հեղափոխությունից հետո։ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, եւ հակառակը։
Ն․ Փ․ – Հարցի ձեւակերպման այդ ձեւը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։ Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, եւ մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եւ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից․մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարեւոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան եւ բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որեւէ մեկին, որքան որեւէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի։
Ն․Դ․Ա․ – Արդյոք հնարավո՞ր է միաժամանակ լինել ե՛ւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը ե՛ւ պաշտպանել արեւմտյան արժեքները, ինչպես ժողովրդավարությունը, մամուլի ազատությունը։
Ն․Փ․ – Հիշենք Իսրայել Օրիին։ Նա սկսեց իր ճամփորդությունը Եվրոպայում։ Նա շրջեց եվրոպական մայրաքաղաքներում, ապա մեկնեց Ռուսաստան եւ իր ջանասիրության շնորհիվ՝ հաջողեց համոզել Ռուսաստանին միջամտել մեր տարածաշրջանի գործերին։ Այլ երկրներ եւս պատրաստ էին այդ դերը տանել, բայց տարբեր պատճառներով նման բան տեղի չունեցավ։ Ինչո՞ւ ենք մենք այդքան կարեւորություն տալիս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Որովհետեւ մենք միշտ համարել ենք Ռուսաստանին մի ուժ, որ եվրոպական արժեքները ներդրել է մեր տարածաշրջանում։ Այս փաստը շատ կարեւոր է։ Մենք որեւէ հետամնաց երկրի միջամտությունը չենք հայցել, այլ Ռուսաստանինը: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին, որովհետեւ այն եղել է եվրոպական ամենից զարգացած երկրներից մեկը։ Ի՞նչ է արել Պետրոս Մեծը։ Ինչո՞ւ էր նա երիտասարդներին ուղարկում Եվրոպա կրթություն ստանալու։ Ինչո՞ւ էր նա որդեգրել եվրոպական արժեքները։ Ինչո՞ւ նա երիտասարդներ չուղարկեց այլ տեղեր։ Ի՞նչ են նշանակում եվրոպական արժեքները եւ ռուսական արժեքները։ Այսօրվա Ռուսաստանը Պետրոս Մեծի Ռուսաստանն է, նրա արժեքների կրողն է, այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որեւէ հակասություն չկա Ռուսաստանի եւ արեւմտյան արժեքների մեջ․ փաստն այն է, որ նույն Եվրոպայում իրերը չունեն նույն հասկացումը․ Լեհաստանն ունի իր ուրույն մոտեցումը եվրոպական արժեքներին, Ֆրանսիան՝ իր ուրույնը, Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկում Բրեքսիտին։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս նույն եվրոպական արժեքները հենց միայն եվրոպական արժեքներ չեն․ դրանք նաեւ մերն են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք նույնպես մեր մեծ բաժինն ենք ունեցել այդ արժեքների կազմավորման գործում։ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն անչափելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական այսժամանակյա իրականության վրա։ Ինձ համար եվրոպական արժեքները մեր արժեքներն են, ինչպես Ֆրանսիայի համար, Մեծ Բրիտանիայի համար, Ռուսաստանի համար, որովհետեւ մենք դրանք ստեղծել ենք միասին։ Ուրեմն, մեր նպատակը եվրոպական արժեքները Հայաստանում իրացնելը չէ, այլ իրացնել մեր արժեքները, որ մենք մշակել ենք եւ խառնել նույն եվրոպական կաթսայի մեջ՝ ծնունդ տալու մեկ ամբողջի։ Դրանք մեր արժեքներն են, եւ մեր հեղափոխությունը դրա լավագույն ապացույցն է։ Ինչպե՞ս է հնարավոր, որ մենք իրականացրինք Եվրոպայի ամենաժողովրդական հեղափոխությունը։ Որովհետեւ ժողովրդավարությունը մեր գենետիկ արժեքն է։ Հայաստանի Առաջին Հանրապետության կանայք արդեն ունեին ընտրելու իրավունք, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներում կանայք զուրկ էին դրանից։ Նույն Եվրոպայի սրտում կանայք չունեին այդ իրավունքը ընդհուպ 60-ական թվականներ։ Ուրեմն, կարո՞ղ ենք ասել, որ մենք ենք արտահանել այդ արժեքը Եվրոպա։
Ն․Դ․Ա – Մենք ականատեսն ենք Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցմանը։ Դա որեւէ վտանգ ներկայացնո՞ւմ է Հայաստանի համար։
Ն․Փ․- Ես արդեն անդրադարձել եմ այդ հարցին իմ նախորդ պատասխաններից մեկում։
Ն․Դ․Ա․ -Արդյոք Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտո՞ւմ են Հայաստանին։
Ն․Փ․ – Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարեւոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ։
Ն․Դ․Ա․ – Իսկապե՞ս են հասկանում դա։
Ն․Փ․- Մեր վերջին շփումները ցույց են տալիս, որ այո։ Ինչը չի նշանակում, թե նրանց վերաբերմունքն այդքանով փոխվում է Իրանի նկատմամբ։
Ն․Դ․Ա – Նրանք ճնշումներ գործադրո՞ւմ են Հայաստանի նկատմամբ այդ առումով։
Ն․Փ․ – Ես կարող եմ ասել, որ այս պահին նմանատիպ որեւէ ճնշման մենք ենթակա չենք։ Հայաստանը ճնշման ենթակա չէ՝ որպես Հայաստան, բայց մաս է կազմում միջազգային հանրության՝ լինելով Իրանին հարեւան երկիր։ Սրանով ուզում եմ ասել, որ չկա միատեսակ ու միաքար մոտեցում, եւ ես ուրախ եմ տեսնել, որ մեր ամերիկյան գործընկերները կարծես թե ըմբռնել են համատեքստի խորությունը, որում գտնվում է Հայաստանը։
Ն․Դ․Ա – Հեղափոխության հետագա ընթացքը կախվա՞ծ չէ արդյոք անհավասարությունների կրճատումից։ Ձեր լիբերալ եւ բիզնեսամետ քաղաքական մոտեցումը դրա առաջին փո՞ւլն է։ Արդյոք հետո դրան կհաջորդի՞ սոցիալական խնդիրներով զբաղվելը, թե միաժամանակ կկարողանա՞ք այս երկու հարցերը լուծել:
Ն․Փ – Ինչո՞ւ հետո։ Մենք արդեն սկսել ենք լուծել անհավասարությունների հետ կապված խնդիրները։ Այս տարվա սկզբից բարձրացվեցին նպաստները եւ ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնը՝ համապատասխանեցվելով նվազագույն սպառողական զամբյուղին, բարձրացել է նաեւ զինվորականների վարձատրությունը։ Սեպտեմբերի 1-ից սկսած այդ միտմանը կհետեւեն նաեւ ուսուցիչների աշխատավարձերը, եկող հունվարի մեկից կենսաթոշակները եւս կվերանայվեն, միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատված է հարկերից, հունվարի 1-ից 140000 աշխատողների եկամուտները կբարձրանան՝ շնորհիվ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների։ 2018 թվականի հուլիսի 1-ից ավելի քան 200000 աշխատող ունեցել են եկամտի ավելացում՝ շնորհիվ կենսաթոշակային համակարգում կատարված բարեփոխումների։ Մենք բացեցինք եւ ընդլայնացրինք մուտքը դեպի բիզնես ոլորտ։ Անցյալում գործող կոռուպցիոն համակարգի բնութագրերից մեկը եղել է մարդկանց աղքատության մեջ պահելը եւ առանց սոցիալական ապահովության թողնելը՝ կարողանալու համար վերջիններիս ձայնը 5000 դրամով գնել ընտրությունների ժամանակ եւ այդկերպ հաղթել ընտրություններում։ Ժողովրդավարությունը կարիք չունի նման համակարգի, այլ կարիք ունի տնտեսապես ինքնավար անձանց։ Մենք սա ենք ասում մարդկանց՝ երբ 20-25 տարի օլիգարխները ձրի բրինձ են բաժանել՝ ձեզ հավատացնելով, թե ապահովում են ձեր բարեկեցությունը, նրանք խաբել են ձեզ։ Ձեր տնտեսական բարեկեցությունն ապահովելու միակ միջոցն աշխատանքն է։ Մենք ասում ենք մարդկանց՝ տեսեք, թե մենք ինչ ենք անում, դատեք՝ ըստ արդյունքի․ մենք ազատում ենք միկրոբիզնեսը բոլոր հարկերից, մենք 0-18 տարեկան անձանց բուժծառայություններն անվճար ենք դարձնում համապետական ողջ տարածքում, մենք ընդլայնում ենք անվճար բուժծառայությունների սպեկտորը անապահովների, զինվորականների եւ առավելի խոցելի անձանց համար։ Սոցիալական նպատներն աճում են, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտվել կենսական նվազագույնից։ Մենք ասում ենք մարդկանց՝ մենք ձեզ համար լուծում ենք բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը, նվազագույն սպառողականի հասանելիության խնդիրը։ Կրթության առումով՝ մենք անում ենք այնպես, որ ոչ մի ուսանող չհեռացվի դասընթացներից ֆինանսական դժվարությունների պատճառով։ Բայց մենք նաեւ ասում ենք՝ այդ դուք եք, որ պիտի հոգաք ձեր ընտանիքի հոգսերը։ Դուք չեք կարող դիմել կառավարությանը՝ ասելով՝ «ինձ աթոռ տուր»։ Կառավարությունն ասում է՝ «մենք տալիս ենք բժշկական ապահովագրություն քեզ եւ երեխաներին, մենք ապահովում ենք քեզ համար նվազագույն եկամուտ, որպեսզի սոված չմնաս, գնա, աշխատի եւ ստեղծի աթոռդ: Դու չես կարող կառավարությանը խնդրել քեզ համար հեռուստացույց գնել, դու պիտի աշխատես եւ քո միջոցներով գնես հեռուստացույց. Կառավարության խնդիրը աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է։ Այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան։ Նույն մոտեցմամբ մենք կատարում ենք հարկային բարեփոխում։ Այսօր Հայաստանում կա եկամտահարկի երեք շեմ՝ 36% բարձր եկամուտի, 27% միջին եկամուտի և 23% ցածր եկամուտի համար: Մենք բոլորի համար այն իջեցնում ենք 23% -ի և առաջիկա հինգ տարիներին այն կկրճատենք մինչև 20%: Ոմանք մեզ մեղադրում են ավելի հարուստների համար նպաստավոր քաղաքականություն վարելու մեջ։ Մենք պատասխանում ենք՝ այո, իսկապես, որովհետեւ նա, ով ունի բարձր եկամուտ, իր ժամանակը չի ծախսել ծառի տակ պպզած ոչինչ չանելով, ներեցեք, եթե ասում եմ կոպիտ բառերով։ Բայց, վերջին հաշվով, այն մարդը, ով սովորել է գիշեր-ցերեկ մրցունակ կրթություն ստանալու համար, հենց նա էլ ունի իրավունք ժողովելու իր ջանքերի տված պտուղները։ Ահա այսպիսինն եմ ես տեսնում Հայաստանի ապագան։ Հայաստանում չպետք է լինեն առանց կրթության բանվորներ։ Սա այն ուղերձն է, որ պետք է փոխանցենք երիտասարդներին։
Ն․Դ․Ա – Նպատակը հստակ է, բայց ժամանակ է պետք դրան հասնելու։ Այդ ընթացքում ի՞նչ պետք է անեն առանց որակավորման այդ աշխատողները։
Ն․Փ․ – Այդ աշխատողների մի մասի համար հօգուտ միկրոբիզնեսի ձեռնարկված միջոցները, բոլոր հարկերի վերացումը այդ խնդիրների պատասխանն են։ Մենք ասում ենք այդ մարդկանց՝ նորմալ չէ, որ մարդը 5, 10 տարի աշխատի ամսական 60 000 դրամ աշխատավարձի համար։ Մենք այդ մարդուն ասում ենք՝ դա եկամտի միակ միջոցը չէ, դա չի ապահովում քո ապագան, մենք քեզ ազատում ենք հարկից, մենք քեզ առաջարկում ենք արտոնյալ պայմաններով վարկեր, զբաղվիր ձեռներեցությամբ, իրացրու ստեղծագործականությունդ, ստեղծիր քո սեփական բիզնեսը եւ վաստակիր ոչ թե 60 000 դրամ, այլ 70 000, 100 000 ու ավելին։ Նույնիսկ տուրիստական ոլորտում, տարեսկզբից սկսած, զբոսաշրջիկները Հայաստանի Հանրապետությունում ծախսել են 120 միլիոն դոլարով ավելին, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Մենք ասում ենք այդ մարդուն՝ աշխատիր եւ քո բաժինն ունեցիր այդ 120 միլիոնի մեջ ամբողջ կյանքում 60 000 դրամով բավարարվելու փոխարեն։ Մեր ռազմավարական ընտրությունը վերամշակող արդյունաբերության զարգացումն է, մենք վարում ենք բարձր եկամուտներին միտված քաղաքականություն, մենք կրճատում ենք հարկերը, որպեսզի բիզնեսի ղեկավարները կարողանան ավելացնել իրենց աշխատողների աշխատավարձերը։
Ն․Դ․Ա – Ինչպե՞ս է հնարավոր մի կողմից իջեցնել հարկերը, մյուս կողմից վարել սոցիալական քաղաքականություն։ Ինչպե՞ս եք ֆինանսավորում այդ միջոցները։
Ն․Փ․- Մենք դա արդեն անում ենք։ Հայաստանի Հանրապետությունում առկա էր սոսկալի չափերի ստվերային տնտեսություն։ Շնորհիվ այդ ստվերային տնտեսության դեմ պայքարի՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում մենք կարողացանք ունենալ 120 միլիոն դոլար լրացուցիչ բյուջետային եկամուտ։ Այդ աճի շնորհիվ էլ մենք կարողացանք բարձրացնել մեր զինվորականների վարձատրությունը։
Ն․Դ․Ա. – Այդպիսով, դուք ունեք ձեր քաղաքականության միջոցները։
Ն․Փ․ – Իհարկե։ Մենք ասում ենք քաղաքացիներին՝ դուք չեք կարող գնումներ կատարել առանց ՀԴՄ կտրոնի եւ մյուս կողմից պահանջել կենսաթոշակների բարձրացում։ Ի՞նչ միջոցներով եք ուզում, որ դրանք բարձրանան։ Պետական գանձարանն այն ընդհանուր դրամապանակն է, որին մենք բոլորս բերում ենք մեր նպաստը։
Ն․Դ․Ա․- Թույլ տվեք պնդել, որ հարկերի իջեցման քաղաքականությունն առաջին հերթին ձեռնտու է ավելի հարուստներին։ Մի՞թե դա ավեի չի խորացնի հարուստների եւ աղքատների մեջ եղած անջրպետը։
Ն․ Փ․ – Ոչ։ Մենք կարծում ենք, որ հարուստների եւ աղքատների միջեւ եղած տարբերությունը պետք է կրճատվի։ Մենք կարծում ենք, որ աղքատները պետք է դառնան հարուստ։ Սա է Հայաստանի ապագան։ Մենք պետք է քաջալերենք բիզնեսը, զարգացնենք տնտեսությունը, կրճատենք գյուղատնտեսության մասնաբաժինը եւ ավելացնենք արդյունաբերությանը։ Մենք պետք է ուժեղացնենք կրթահամակարգը։ Մենք ուզում ենք Հայաստանը վերածել դրախտի՝ տաղանդների համար։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ-արարած օժտված է տաղանդով եւ հետեւաբար, մեր խնդիրն է օժանդակել յուրաքանչյուրին՝ իր տաղանդն օգտագործելու մեջ։ Եթե բոլորը չէ, որ կարող են դառնալ հարուստ, ապա յուրաքանչյուը գոնե պետք է ունենա տնտեսապես պատշաճ կյանք։ Հայաստանը երկիր է, ուր յուրաքանչյուրը պետք է ունենա բարեկեցության իրավունք, եւ դա կարվի կրթության միջոցով, աշխատանքի միջոցով, օրինականության նկատմամբ հարգանքի միջոցով։ Սրանք երեք անկյունաքարերն են, որ մեզ թույլ կտան հասնել մեր նպատակին։ Ես ուզում եմ վերադառնալ առանց մասնագիտական որակավորման աշխատողին։ Մենք նրան ասում ենք՝ «եթե հանկարծ, դժբախտաբար, քո երեխան հիվանդանա, դա մեր խնդիրն է եւ ոչ քոնը»։ Այսինքն՝ մենք փոխում ենք նպաստների համակարգն այնպես, որ օգնություն ստացողը դառնա երեխան եւ ոչ ծնողը, որպեսզի վերջինս ազատ լինի գնալ-աշխատելու, քանի որ մեր համակարգն այնպես է ստեղծված, որ եկամտային որոշակի շեմից անդին սոցիալական նպաստները վերանում են։ Մենք նրան ասում ենք՝ «այդ դու՛ չես նպաստի շահառուն, եւ ուրեմն, դու կարող ես աշխատել այնքան, ինչքան ուզում ես, մենք տալիս ենք նպաստ քո երեխային մինչեւ իր չափահասություն, մենք հոգ ենք տանում քո երեխայի առողջության, կրթության մասին, քո բժշկական ծախսերի մասին նույնպես։ Եղի՛ր առողջ, աշխատի՛ր եւ վաստակի՛ր ապրուստդ»։
Ն․Դ․Ա․ – Ի՞նչ խթանող միջոցներ եք նախատեսում հայերի վերադարձի համար։ Ներկայիս Սահմանադրությունը խոչընդոտում է երկքաղաքացիության անձանց համար պետական պաշտոնների հասանելիությունը։ Արդյոք նախատեսվո՞ւմ է որեւէ բարեփոխում։
Ն․Փ․- Ես արդեն ասել եմ, որ մենք նախատեսում ենք փոփոխություններ մտցնել այդ օրենքում։ Բայց ես ուզում եմ, որ հասկանաք՝ մեր բարեփոխումների օրակարգը շատ հագեցած է։ Եթե փորձենք լուծել բոլոր խնդիրները միաժամանակ, մենք ոչ մի խնդիր չենք լուծի։ Չնայած սահմանադրական խոչընդոտին՝ մենք մեր բարձր պաշտոնյաների շարքերում տեսնում ենք նրանց, ովքեր վերադարձել են Հայաստան։ Իհարկե, նրանք նախարարներ չեն, բայց փոխնախարարներ են կամ նշանակված են պատասխանատու պաշտոնների։ Եվ այս գործընթացը ծավալներ կստանա։ Բայց ես արդեն կրկնել եմ բազմաթիվ անգամներ, որ պետք է փոփոխենք Սահմանադրությունը՝ վերացնելու համար խոչընդոտները, որ ծագում են ազգության եւ մշտական բնակության հետ կապված՝ այդպիով բացելով Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի դռները սփյուռքահայերի առջեւ։ Այնուամենայնիվ, մենք ստիպված կլինենք կատարել այս բարեփոխումը՝ մշակելով այնպիսի պայմաններ, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետական կառույց, չկորցնի իր առանձնահատկությունը:
Սփյուռքահայերի վերադարձը քաջալերելու լավագույն միջոցը միասնական հայրենիքի գոյությունն է՝ ե՛ւ ուղիղ, ե՛ւ փոխաբերական իմաստներով։ Լավագույն խթանը կլինի այն, որ յուրաքանչյուր հայ ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի ու ավելի իրենը համարի։ Դժբախտաբար, ես կարող եմ արձանագրել, որ մեր հայրենակիցներից ոմանք, ովքեր ստիպված են եղել հաստատվել մեկ այլ երկրում, իրենց հայրենիքն են համարում հենց այն մեկը, որտեղ ծնվել են, օրինակ՝ Լիբանանը, Սիրիան։ Հայը չունի այլ հայրենիք, քան Հայաստանի Հանրապետությունը, եւ ես կարծում եմ, որ այս առումով եւս Թավշյա հեղափոխությունը կարեւոր դեր է խաղացել, քանի որ յուրաքանչյուր հայ հնարավորություն է ունեցել դրան մասնակցել նաեւ սոցիալական ցանցերով՝ ի թիվս այլ միջոցների։ Հայրենիքին պատկանելու այդ զգացումը պետք է ուժեղացվի։ Եվ երբ մենք խոսում ենք ներառական, ձեռներեցության համակարգի մասին, մենք խոսում ենք նաեւ Սփյուռքի մասին։ Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի Սփյուռքի ներդրողները կարողանան հավաքվել Հայաստանում։
Այսօր սկսում է նոր փուլ։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ես առանձնացնում եմ երեք փուլ՝ չնայած, իհարկե, դրանք միահյուսված են։ Առաջինը ես համարում եմ ԽՍՀՄ փլուզումից հետո եկած պատերազմական շրջանը, երբ երկիրը սոցիալական օգնության կենսական անհրաժեշտություն ուներ, եւ պետք է խոստովանենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցների օգնությունը, ովքեր մեզ ուղարկում էին հագուստ, սնունդ, ջուր, գումար, հումանիտար օգնություն, մեզ իսկապես փրկեց։ Այդ փուլը հասավ իր նպատակին եւ ավարտված է։ Երկրորդ փուլը սկսվեց, երբ Սփյուռքում սկսեց հասունանալ այն միտքը, որ հումանիտար օգնությունն այլեւս բավարար չէ, եւ հատկապես անհրաժեշտ է իրականացնել զարգացման ծրագրեր։ Ես ասում եմ հատկապես, որովհետեւ այն չի բացառում օգնության այլ ձեւերը, քանի որ այդ բաժանարարն անթափանցելի չէ, եւ այդ ներդրումները կարող են միահյուսվել։ Այդ ծրագրերը կարող են մարմնավորվել այնպիսի նվաճումներում, ինչպես Թումոն կամ ՍՄԱՐԹ կենտրոնը, կրթական այլ ծրագրեր այդ շարքից։ Երրորդ փուլը Սփյուռքի մասնակցությունն է Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեր հայրենիքը տեխնոլոգիական եւ արդյունաբերական երկրի վերածելուն։ Քանի որ ներդրումների առումով նոր տեխնոլոգիաները և վենչուրային կապիտալը հսկայական ազդեցություն են ունենում՝ մեր խնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ազդեցությունը նպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Ն․Դ․Ա․ – Պարոն Վարչապետ, պատկերացնենք, թե ես ձեռնարկության տերն եմ, ով ուզում է ներդրում կատարել Հայաստանում։ Ո՞ւմ պետք է դիմեմ ես։ Ինչպե՞ս պետք է ես գործեմ։
Ն․Փ․ – Նախ ուզում եմ ասել, որ եթե ուզում եք բնակություն հաստատել Հայաստանում, որեւէ քայլ ձեռնարկել պետք չէ։ Գալիս եք, անշարժ գույք եք գնում, եթե ուզում եք, եւ սկսում եք ապրել։ Այն, ինչ անում են մեր հայրենակիցներից շատերը։ Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա մենք տեսնում ենք անշարժ գույքի գործարքների ծավալների 11,1% աճ: Անշարժ գույքի գները կայուն աճում են, քանի որ բնակարանների պահանջարկը մեծ է: Ներդրումների առումով մենք ունենք երկու կառույց, որոնք սպասարկում են երկու տեսակի ներդրողների՝ մեծ եւ փոքր։ Մեծ ներդրողների համար մի քանի ամիս առաջ ստեղծվել է համապատասխան գրասենյակ՝ Դավիթ Փափազյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Որոշակի մակարդակի ներդրումներին առնչվող հարցերով զբաղվում է այդ կառույցը։ Ինչ վերաբերում է փոքր եւ միջին ներդրումներին, մենք ունենք մեկ այլ կառույց՝ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոն։
Ն․Դ․Ա․- Բայց դա արդյոք Սփյուռքի դերը միայն տնտեսական դաշտում սահմանափակելու ձեւ՞ չէ։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ կապված նաեւ այլ ոլորտների հետ։ Սփյուռքը միշտ իրենից ներկայացրել է քաղաքական ներուժ, լոբբի։ Ի՞նչ եք անում այդ առումով։
Ն․Փ․ – Որեւէ առարկություն չկա՝ կապված այլ ոլորտներում Սփյուռքի գործունեության հետ։ Այն, ինչ ասում եմ, գալիս է լրացնելու այն ամենին, ինչ արդեն արվել է, առանց որեւէ բան դուրս թողնելու մինչ այս արվածից։ Չափազանց կարեւոր է դա ընդգծել։ Օրինակ, այն, ինչ մենք անում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, Ղարաբաղի համար, և, ընդհանուր առմամբ, Հայաստանի համար լոբբինգը, անշուշտ, կարևոր ուղղություններ են: Բայց մենք պարտավոր ենք նաեւ գնահատել Սփյուռքում տիրող իրականությունը եւ ինքներս մեզ հարցնել՝ արդյոք Սփյուռքի ներուժն օգտագործվո՞ւմ է արդյունավետ կերպով։ Դուք գիտեք, նման խոսակցությունները լավ չեն, բայց․․․
Ն․Դ․Ա․ – Արդյոք Սփյուռքի գործունեությունը համապատասխանում է Հայաստանի սպասելիքներին։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտներում այն ավելի շատ պետք է ներգրավվի։
Ն․Փ․- Հիմա ասեմ, թե որն է խնդիրը, որ մենք ունենում ենք՝ կապված սփյուռքի կառուցվածքի հետ։ 30 տարի առաջ սփյուռքի 90%-ը ներգրավված էր մեր ճանաչած կազմակերպություններում ՝ սփյուռքի խոշոր հաստատություններում: Այսօր սփյուռքի 90% -ը դուրս է այս կառույցներից, այսինքն՝ այսօր մենք չունենք հաղորդակցման հստակ կապեր սփյուռքահայերի 90%-ի հետ։ Մենք կատարեցինք փոփոխություններ կառավարության կազմում, վերացվեց Սփյուռքի նախարարությունը, փոխարենը ստեղծվեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Բարձր հանձնակատարի թիվ մեկ խնդիրը հետեւյալն է՝ քարտեզագրել հայկական սփյուռքի ողջ ներուժը ամբողջ աշխարհում, որպեսզի մի քանի ակնթարթում կարողանանք ճշգրիտ կերպով լուծել ցանկացած խնդիր, ցանկացած ոլորտում, ցանկացած երկրում։ Միայն մի քանի ակնթարթ պետք կլինի իմանալու ցանկացած ոլորտի դեպքում, թե ովքեր են այդ երկրում ներկա հայերը, նրանց կարգավիճակը, նրանց ազդեցության մակարդակը։ Մենք պետք է կապի մեջ լինենք բոլորի հետ, մենք պետք է հնարավորություն ունենանք հարաբերվելու ցանկացած հայի հետ անձամբ, կարողանանք կապ հաստատել նրա հետ եւ խոսել։ Մենք պետք է ունենանք համակարգ, որ մեզ թույլ կտա ձեռքի տակ ունենալ այն մարդկանց համարների եւ անունների ցուցակը, ովքեր կարող են լուծել ծագած խնդիրը՝ լինի դա քաղաքական, տնտեսական, մշակութային, թե այլ ոլորտում։ Մեր պետությունը գոյություն ունի արդեն 30 տարի, և մենք ձախողել ենք այս գործում: Իհարկե, մենք ունենք տեղեկություններ Սփյուռքի առավել ակտիվ շրջանակների մասին, ինչը շատ լավ է, բայց այդ փունջն ամբողջը չէ։ Հետևաբար, սփյուռքի նկատմամբ էլիտիստական քաղաքականությունը պետք է փոխվի՝ համապատասխան փոփոխությունների, որ կատարվել են Հայաստանում։ Այսօր Հայաստանում որոշումները չեն կայացվում վերեւում մի խումբ ղեկավարների կողմից, այսուհետ ժողովուրդն է կայացնում որոշումներ, եւ ժողովուրդն ամբողջությամբ է ներգրավված երկրի քաղաքական, տնտեսական գործընթացների մեջ։ Եվ իհարկե, նույն բանը պետք է կատարվի Սփյուռքում։
Ն․Դ․Ա․ – Ձեր վերջին ելույթներում Դուք անդրադարձել եք համահայկական բյուջեի գաղափարին։ Ի՞նչ է այն նշանակում։
Ն․Փ․ – Այս պահին դա միայն գաղափար է։ Դուք գիտեք՝ երբ մեր հակառակորդները լսում են հայկական սփյուռքի մասին, նրանք տպավորվում են եւ սարսափում։ Ապա փորձում են հասկանալ՝ որն է հայկական Սփյուռքը։ Նրանք լսում են՝ «Գիտեք՝ Հայաստան համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոն կազմակերպեց և 15 միլիոն դոլար հավաքեց Հայաստանի կարիքների համար»: Մարդիկ ասում են, թե ինչպես է այդպիսի «միֆական» կառույցը միայն 15 միլիոն դոլար հավաքում: 15 միլիոն դոլարն այն գումարն է, որ ընկնում է ադրբեջանական նավթարդյունաբերության միջին բիզնեսմենի գրպանից։ Ես ասում եմ՝ դադարենք մոլորեցնել ինքներս մեզ։ Մեր ներուժն այդտեղ չէ: Ինչպե՞ս հասանք այստեղ։ Այո, ես ասում եմ ձեզ, որ մենք պետք է համազգային բյուջե ունենանք, բյուջե, որը, համենայն դեպս, Հայկական պետության բյուջեից ցածր չէ: Բայց դրա համար մենք լրջագույն կառուցվածքային փոփոխություններ պիտի անենք, այդ թվում՝ Սփյուռքում, որպեսզի Սփյուռքի իրական ուժը համապատասխանի այն պատկերացմանը, որն ունեն ոչ միայն հայերը, այլ որ կա ամբողջ աշխարհում։ Ցավոք, որքան գնում, այնքան ավելի ենք վատնում այդ պատկերը՝ այն ավելի հզորացնելու փոխարեն։ Ես ասում եմ՝ վերջ տանք սպառելուն։
Հարցազրույցը արվեց Երևանում ՝ Բենիամին Քեշիշյանի և Հիլդա Քեշիշյանի կողմից
Նյութի աղբյուր. Lragir.am
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ